Ուսումնառության երրորդ շրջան, մայիս. ամփոփում
Ուսումնառության երրորդ շրջան, մայիս. ամփոփում
1. «Խաղում ենք համբարձում» նախագծով
«Սեբաստացիներ» վոկալ համույթ — լաբորատորիայի անդամները տարբեր հարթակներում իրականացրեցին Համբարձման ծեսը՝ ծիսական գործողություններով, երգերով, պարերգերով, խաղերով:
2. Ծիսական ուրբաթ-համերգներ
Համբարձման ծիսական ուրբաթ, որի կազմակերպիչն ու գլխավոր ծիսարարն էր «Սեբաստացիներ» վոկալ համույթ — լաբորատորիան:
Իրականացվեց Համբարձման ծես՝ ծաղկահավաքով, ծաղկեպսակներով, գովքով, բախտագուշակությամբ:
Նախապատրաստական աշխատանքներ
«Սեբաստացիներ» վոկալ համույթ — լաբորատորիայի անդամները, ուսումնասիրելով Համբարձման ծեսը, որոշեցին ծիսակարգի ներկայացման ձևը, ընտրեցին ծիսական, ազգային նյութերը, յուրաքանչյուր դպրոց որոշեց իր առանձին ներկայացման ձևը: Ծիսական խմբերը ծիսական պարագաներով, ծիսական, ազգային երգերով շատ սահուն ներառվեցին ծիսատոնական ընթացքի մեջ և, միմյանց լրացնելով, օգնելով, ստեղծեցին սիրուն տոնախմբություն: Ճաշակով ձևավորված ծիսական կաթնապուրն էլ լրացրեց իսկապես ազգային համ ու հոտով լցված մթնոլորտը:
3. 2-5 տարեկանների խնամքի և զարգացման ծրագիր
«Համբարձման ծեսի» խորհուրդը և ծիսական գործողությունները. Մարինե Մկրտչյան և ընկերներ
Յուրաքանչյուր սեմինար պարապմունքին խմբին են միանում երաժիշտ մասնագետներ, որոնց հետ նախապատրաստական աշխատանքներ են կատարվում «Սեբաստացիներ» վոկալ համույթ — լաբորատորիայի աշխատանքային ժամերին: Բնականաբար, մասնակից են նաև մյուս երաժիշտները, որոնց հետ քննարկվում են ծեսը, ծիսակարգը, ծիսական երգերը, գործողությունները: Խաղարկվում են հիմնական ծիսական գործողությունները, որոնց վրա էլ յուրաքանչյուրը կառուցում է իր ծիսակարգը և իրականացնում դպրոցում, նախակրթարանում, այլ հարթակներում:
4. Համագործակցային աշխատանք
«Սեբաստացիներ» վոկալ համույթ — լաբորատորիայի հաջողված աշխատանքներից է դպրոցական, դասարանական երգչախմբերի համագործակցությունը «Սեբաստացիներ» մանկական երգչախմբի հետ: Այս անգամ նախագծային աշխատանքի մեջ ներառված էին ազգային, մանկական, բակային խաղեր, որոնց մեկընդմեջ կատարումները շարան — շարան ուղեկցում էին ազգային, մանկական երգերին, խաղերգերին: Դե, միտքը կա, բայց կատարման ժամանակ բարդություններ առաջ եկան: Երբ խաղում էինք ճվիկներ, մատնախաղեր, հաշվերգեր, սահուն կատարվում էին: Բավական է սկսվեին բակային, այլ շարժուն խաղեր, բոլորը խառնվում էին, աղմկում: Ասել, որ ժամանակի ընթացքում կանոնավորվեց ընթացքը, այնքան էլ այդպես չէ: Ուղղակի մենք հասկացանք, որ խաղերն անաղմուկ, կարգուկանոնով չեն կարող ընթանալ, դա իրական բնական վիճակ է: Այնպես որ, մենք ընդունեցինք մեր երաժշտախաղային հանդիպման իրական ընթացքը և երգեցինք ու խաղացինք:
«Ազգային մանկական երգ ու խաղ» նախագծով նույն սկզբունքով (ազգային երգ ու խաղ) իրականացվեց Արևմտյան դպրոցի 1 — 3-րդ դասարանների երաժշտության ընտրությամբ գործունեության խմբերի «Մութուլուսին, բարի լուսուն Հազարան Հավքը երգեց» երաժշտախաղային հանդիպումը: Այս անգամ էլ հանդիպումն անցավ բավական ակտիվ, դինամիկ, երգերի մաքուր կատարումներով:
5. «Ուսումնական նյութերի ձայնագրություն» նախագծով՝ հետազոտական աշխատանքի արդյունքում առկա նոր ազգային երգերի ուսուցում, կատարում, չորրորդ ուսումնական շրջանում՝ ձայնագրում: